05.02.2026

Անտեսանելի մարտիկը․ ՍՕՍ մայրը

ՍՕՍ մայրերը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի ամենալուռ, բայց միևնույն ժամանակ ամենակենտրոնական դերակատարներից են։ Նրանք աշխատում են առանց հրապարակային ուշադրության, սակայն՝ ամբողջ նվիրվածությամբ։ Արաբական մի ասացվածք հստակ բնորոշում է նրանց դերը․ «Մայրը միայն նա չէ, ով ծնունդ է տալիս, այլ նա, ով մեծացնում է երեխային»։

Ի՞նչ են տալիս ՍՕՍ մայրերը։ Նրանք նվիրում են իրենց ժամանակը, ուժը և տարիները՝ ստանձնելով այն երեխաների խնամքն ու դաստիարակությունը, ովքեր կորցրել են ծնողական խնամքը բազում պատճաներից ելնելով։ Նրանց աշխատանքը չի սահմանափակվում միայն առօրյա խնամքով․ ՍՕՍ մայրերը ապահովում են նաև հուզական կայունություն, շարունակականություն և անվերապահ ներկայություն։ Համբերության և հետևողականության միջոցով նրանք վերականգնում են վստահությունը այն երեխաների մոտ, ովքեր արդեն իսկ ապրել են կորուստ։

 

ՍՕՍ մայրերը պարզապես տուն չեն ապահովում։ Նրանք ստեղծում են ընտանիք։ Տունը ֆիզիկական տարածք է, իսկ ընտանիքը՝ հուզական միջավայր, որտեղ երեխան իրեն զգում է անվտանգ, ընդունված և արժեքավոր։ Այդ միջավայրում երեխաները սովորում են կրկին վստահել մեծահասակներին, արտահայտել իրենց զգացմունքները և ձևավորել ինքնավստահություն։ Մենք համոզված ենք, որ հենց այս հիմքերն են կարևոր կայուն և ինքնուրույն անձ ձևավորվելու համար։

 

Ոչ ոք չի կարող փոխարինել կենսաբանական մորը, և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն նման նպատակ չի հետապնդում։ Մեր նպատակը հնարավորինս մոտ այլընտրանք առաջարկելն է՝ ընտանեկան խնամքի վրա հիմնված միջավայր, որտեղ երեխան կարող է մեծանալ արժանապատվությամբ և հուզական անվտանգությամբ։ ՍՕՍ մայրը մեր մոդելի առանցքային մասն է, քանի որ նա ներկայացնում է շարունակականությունն ու ջերմությունը։ Ի տարբերություն հաստատությունների փոխարինելի անձնակազմի, նա տարիներ շարունակ ներկա է երեխայի առօրյայում։

 

ՍՕՍ մայրերը SOSfamILY-ի ամենակարևոր բաղադրիչներից են։ Առանց նրանց կյանքի ամբողջ ընթացքում տևող նվիրվածության ընտանեկան խնամքի մոդելը հնարավոր չէր լինի։ Նրանք հոգ են տանում այն հուզական կարիքների մասին, որոնք հաճախ անտեսանելի են, բայց խորապես առկա․ նրանք լսում են, ուղղորդում, սահմաններ են դնում, մխիթարում։ Նրանց ներդրումը ժամանակավոր բարեգործություն չէ, այլ շարունակական պարտավորություն, որը ձևավորում է ապագա սերունդներ։

 

Ձեր նվիրատվությունը հնարավորություն է տալիս ՍՕՍ մայրերին շարունակել իրենց երկարաժամկետ ներդրումը։ Այն նաև աջակցում է անվտանգ ընտանեկան տներին, կրթությանը, առողջապահությանը և այն կայուն միջավայրին, որը երեխաներին անհրաժեշտ է լիարժեք մեծանալու համար։

 

Խնդրում ենք հիշել՝ ձեր աջակցությունը միայն նյութական չէ։ Այն նպաստում է շարունակականությանը, վստահությանը, պատկանելության և կապի զգացման ձևավորմանը։

 

Միացե՛ք մեզ՝ օգնելու երեխաներին անցնել անորոշությունից դեպի կայունություն։
Նվիրաբերելով ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան հայկական բարեգործական հիմնադրամին՝ դուք աջակցում եք այն մարդկանց, ովքեր ամեն օր հնարավոր են դարձնում ընտանեկան խնամքը։