2025․ տարի փոփոխությունների, վստահության և ազդեցության
23.12.2025

2025․ տարի փոփոխությունների, վստահության և ազդեցության

2025 թվականը «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար նշանավորվեց խորքային փոփոխություններով, կայուն աճով և երեխաների կյանքում իրական ազդեցությամբ։ Նոր տարվա շեմին ցանկանում ենք երախտագիտությամբ ամփոփել այն արդյունքները, որոնք հնարավոր դարձան մեր ՍՕՍ ընկերներ վստահության և աջակցության շնորհիվ։

Հայաստանի շուրջ 5,000 ՍՕՍ ընկերների շարունակական աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց ապահովել երեխաների կրթական բոլոր կարիքները 2026 թվականի համար։ Ձեր մասնակցությունը դրամահավաքին նվիրված միջոցառումներին` այդ թվում ՍՕՍ Ընկերների մասնակցությամբ անցկացված թենիսի բարեգործական մրցաշարին, որը կազմակերպվել էր Իսպանիայի դեսպանատան հետ միասին, և «Ազնավուր» հիմնադրամի հետ գլխավոր գործընկերությամբ անցկացված Երեխաների Վազքի բարեգործական օրվան, կարևոր դեր ունեցավ այս արդյունքների մեջ։

 

Տարվա ամենանշանակալի իրադարձություններից էր «Շիրակ» մասնաճյուղի բացումը, որը դարձավ մեր չորրորդ մասնաճյուղը Հայաստանում։ Այն հնարավորություն տվեց ընդլայնել մեր ծառայությունները Շիրակի մարզում՝ աջակցելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և ընտանիքներին։

 

Խորին երախտագիտություն ենք հայտնում մեր ՍՕՍ ընկեր Վ*** Մ***-ին, ով Սպիտակ քաղաքում նվիրաբերեց իր հողատարածքն ու գույքը։ Այս խորհրդանշական վայրը կապված է մեր գործունեության ակունքների հետ, քանի որ հենց այս վայրն է եղել Հայաստանում մեր գործունեության ազդարարը՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Նրա շնորհիվ Սպիտակի երեխաներն ու ընտանիքները կօգտվեն բազմազան ծառայություններից առաջիկա տարիներին։

 

2025-ին կնքվեց նաև կարևոր պայմանագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ «Գավառ» մանկատան լուծարման և երեխաների ընտանիքին մոտ խնամքի տեղափոխման նպատակով։ Հայաստանի Հանրապետությունում այս պատմական քայլը էական փոփոխություն է երեխաների պաշտպանության համակարգում, և ձեր աջակցությունը կարևոր դեր է ունեցել դրա իրականացման գործում։ Ապաինստիտուցիոնալացման գործընթացը շարունակվում է նաև «Ընտանիքի իրավունք II» տարածաշրջանային ծրագրի շրջանակում՝ մինչև 2029 թվականը՝ նպաստելով խնամատար ընտանիքների զարգացմանն ու համայնքային ծառայությունների բարելավմանը Հայաստանում։

 

Տարվա ընթացքում մենք աջակցել ենք շուրջ 4,300 երեխայի, երիտասարդի և մեծահասակի՝ ավելի քան 850 ընտանիքից։

 

  • Ինտեգրված ընտանիքների թիվը հասել է 16-ի՝ ապահովելով խնամք ավելի քան 50 երեխայի համար:
  • Շուրջ 500 երեխա ` այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներից, ստացել է ցերեկային խնամքի ծառայություններ Կոտայքում, Տավուշում և Երևանում:
  • Ավելի քան 150 երիտասարդ մասնակցել է «YES․ Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրին:

Տարին եզրափակեցինք Հիմնադրամի 35-ամյակին նվիրված տոնակատարությամբ ՍՕՍ Ընկերների, գործընկերների, նվիրատուների հետ միասին:

 

Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և մեզ հետ ստեղծում եք երեխաների համար ավելի ապահով ապագա։


Դիտեք հիմնադրամի գործունեության և պատմության մասին ֆիլմը և զգացեք ՍՕՍ ընտանիքի ջերմությունը։