Շիրակ մասնաճյուղի բացումը
16.01.2026

Շիրակ մասնաճյուղի բացումը

2026 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղի պաշտոնական բացման միջոցառումը

Միջոցառումն անցկացվեց երկու փուլով․ առաջին հատվածը տեղի ունեցավ մասնաճյուղի գործունեության վայրում, երկրորդ հատվածը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

Սկզբում՝ մասնաճյուղի բացման պաշտոնական հատվածից հետո, նախարարը և մարզպետը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի ազգային տնօրենի ուղեկցությամբ շրջեցին կենտրոնում, ծանոթացան պայմաններին, տեղեկացան իրականացվող աշխատանքներին։

Մասնաճյուղի հիմնական գործառույթը մարզում մանկալքության վտանգի առաջ կանգնած ընտանիքների բացահայտումն է, հետո նաև ծրագրում ընդգրկելը և աշխատանքը՝ ընտանիքը հզորացնելուն ուղղված, ինչպես նաև արդեն իսկ վերամիավորված ընտանիքները դրական մասնագիտական ուղեկցումով ուշադրության կենտրոնում պահելը։ Մասնաճյուղը անընդհատության սկզբունքով ծառայություն կտրամադրի 150 ընտանիքի։

Միջոցառման երկրորդ հատվածում ողջույնի խոսքեր ասվեցին ՀՀ Շիրակի մարզպետի, «ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ-ի ազգային տնօրենի, «Շիրակ» մասնաճյուղի տնօրենի կողմից։ Բացի այդ «Ընտանիքում ապրելու իրավունք II. խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը ազդարարվեց։

Տեղի ունեցավ նաև «Խնամատարությունը խնամատար ծնողների աչքերով» թեմայով պանելային քննարկում։Որին մասնակցում էին խնամատար ծնողներ ՀՀ տարբեր մարզերից։